Փշալարերից ներս, թե դուրս՝ պետությունը «ձեռքերը լվացել է» վերասոցիալականացման գործից
Չկա անչափահաս ազատազրկված, չկա խնդի՞ր
Հայաստանի բանտերում կամ ինչպես ընդունված է մասնագիտական ճշգրիտ տերմինով ասել՝ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) պատիժը կրող անչափահաս ազատազրկվածների՝ կալանավորվածների եւ դատապարտյալների թիվը վերջին տարիներին նկատելիորեն նվազել է։

Ինչպես տեղեկացնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, 2016-18թթ.-ի եւ 2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով` «Աբովյան» ՔԿՀ-ում նրանց թիվը տարեկան հազիվ տասնյակի է հասնում, ի տարբերություն շուրջ տասը տարի առաջվա, երբ այն մի քանի տասնյակ էր կազմում։ Ներկայումս «Աբովյան» ՔԿՀ-ում, որը հանրապետությունում անչափահասների համար նախատեսված միակ հիմնարկն է, արական սեռի անչափահաս 6 կալանավոր կա։ Այս տարի՝ 2019-ին, դատապարտյալ առայժմ չկա։ Դատապարտվածները գտնվում են պրոբացիայի փուլում։

Կալանավորված անչափահասների հետ հանդիպելու եւ զրուցելու փակ հաստատությունում իրենց առօրյայից, սոցիալականացման կարիքներից, այդպես էլ հնարավորություն չունեցանք։ «Ցանկություն չունեն նկարահանվելու»,- պատճառաբանեցին ՔԿՀ-ում։
Նունե Միքայելյան
«Աբովյան» ՔԿՀ սոցիալհոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ
«Աբովյան» ՔԿՀ սոցիալհոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ Նունե Միքայելյանը, որն այս հիմնարկում աշխատանքի ավելի քան 20 տարվա փորձ ունի, ասաց՝ օրենքի հետ խնդիր ունեցողները խուսափում են հայտնվել լրագրողների ուշադրության կենտրոնում, Աստված մի արասցե՝ ճանաչեն, պախարակվում են ողջ կյանքում։

«Մի տղա ունեինք, սխալվել էր, հայտնվել էր
այստեղ։ Բայց հետ կանգնեց այդ ճամփից եւ բարձրագույն կրթություն ստացավ մեզ մոտ։
Մի առիթով նկարահանվել էր ու հետո, երբ
դուրս եկավ, լուրջ խնդիրներ էր ունեցել,
աշխատանք չէր կարողանում գտնե
լ»,-
պատմեց Միքայելյանը։

Իրապես, մեր ջանքերը զրուցել թեկուզեւ նախկին անչափահաս դատապարտյալի կամ պրոբացիայի փուլում այժմ գտնվողներից որեւէ մեկի հետ, անգամ անանունության պայմաններում, այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին։
«Աբովյան» ՔԿՀ-ի անչափահասների տեղամասում նկարահանման հնարավորությունը եւս հեշտ չտրվեց՝ չնայած այն հանգամանքին,
որ տեղամասը հիմնականում չի գործում։ Ինչպես նշեցինք, դատապարտյալները պրոբացիայի փուլում են։ Իսկ կալանավորվածների
համար միայն սեպտեմբերից այստեղ ուսումնական գործընթաց կկազմակերպվի։ Այլ ծրագրեր, ինչպես պարզեցինք, այս տարվա
առաջին վեց ամսում չեն իրականացվել։


Հասարակությունից մեկուսացվածների՝ հատկապես անչափահաս դատապարտյալների թվի նվազումը, անշուշտ, նաեւ պետական քաղաքականության շնորհիվ է: Սակայն չպետք է մոռանալ հանրապետությունում բնակչության թվի նվազման գործոնը։
Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը վերջին տարիներին եւս նվազել է։ Բայց սա էլ այն դեպքն է, երբ ասում են, մեդալն ունի երկու երես։
Հատված պաշտոնական հաղորդագրությունից.
«ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ նախորդ տարվա համեմատ, 2018թ. Անչափահասների հանցավորության ցուցանիշը որոշակիորեն նվազել է: Եթե 2017թ. արձանագրվել է անչափահասի կողմից կամ նրա մասնակցությամբ կատարված հանցագործության 403 դեպք, ապա 2018թ.՝ նման 359 դեպք։ Այսինքն նվազումը եղել է 44 դեպքով կամ 12%-ով: 17-ով կամ 5%-ով նվազել է նաև հանցանք կատարած, իսկ 19.3%-ով՝դատապարտված անչափահասների թիվը:

Չնայած այս դրական միտումներին՝ 2018թ. աճել են անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված առանձին վտանգավոր հանցատեսակներով, մասնավորապես սպանության, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ավազակության, կողոպուտի դեպքերը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ 2019թ. Դատախազության ծրագրային հիմնական խնդիրներից մեկը համարվել է անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ հանցագործությունների կանխարգելմանը, անչափահասներին հանցավոր արարքներից զերծ պահելուն և այդ նպատակով շահագրգիռ իրավասու մարմինների հետ համագործակցությունն ակտիվացնելուն միտված միջոցառումների իրականացումը»։

Իրավապահ համակարգի բոլոր կառույցները մշտապես միաբերան հայտարարել եւ այժմ էլ հայտարարում են, թե որքան կարեւոր է օրենքի հետ խնդիր ունեցող եւ իրենց ուշադրության կենտրոնում հայտնված անչափահասների հետ աշխատանքը։ Արդարադատության նախկին նախարարներից գրեթե բոլորն անդրադարձել են այդ հարցին, ուստի չենք մասնավորեցնի։ Փոխարենը, մասնավորեցնենք, թե այժմ ի՞նչ աշխատանք է կատարում պետությունն այս ոլորտում։

Չկա գործողությունների որեւէ ծրագիր,
չկան հստակ քայլեր
Ոլորտում քաղաքականության իրականացման հիմնական փաստաթուղթն այժմ «ՀՀ երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագիրն» է՝ իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցով։ Ինչպես բոլոր ռազմավարություններն, այն եւս բավականին գեղեցիկ եւ խոսուն նպատակներ եւ միջոցառումներ է պարունակում, ինչպես օրինակ, «ՔԿՀ-ներում գտնվող կալանավորված եւ դատապարտյալ անչափահասների կրթամշակութային ուսուցում եւ կրթության եւ զարգացման իրավունքին ուղղված միջոցառումներ, առնվազն 80%-ի մասնակցություն» եւ այլն։
Ռազմավարությունն ընթացիկ՝ 2019 թ.-ն արձանագրում է որպես «ռազմավարության առաջընթացի» միջանկյալ գնահատման ժամանակաշրջան։ Փաստենք, այս տարվա առաջին 6 ամիսն արդեն անցել է առանց նման որեւէ միջոցառման կալանքի տակ գտնվող 6 անչափահասների համար։
Թե ի՞նչ առաջընթացի, ընդհանրապես, ռազմավարական ծրագրերի իրականացման ի՞նչ գործողությունների մասին կարելի է խոսել, դժվարանում ենք ասել մի պարզ պատճառով, քանի որ այս ոլորտում իրականացվող գործողությունների որեւէ ծրագիր մեզ այդպես էլ չհաջողվեց ստանալ՝ չնայած Արդարադատության նախարարությանը եւ գերատեսչական մասնագիտացված ՊՈԱԿ-ին ուղղված մեր գրավոր եւ բանավոր հարցումներին։ Ներկայացվեց երկու էջի սահմաններում մի ամփոփ տեղեկանք «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» սույն ՊՈԱԿ-ի գործունեության մասին, որն իրականացնում է նաեւ ԱՆ-ին կից գործող «Անչափահասների արդարադատության խորհրդի» քարտուղարությունը։

Իսկ այս խորհուրդը, կազմում ունենալով պետական եւ ոչ պետական շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, գործնականում համակարգում է ողջ պետական քաղաքականության իրականացումը ոլորտում, ծրագրերի եւ գործողությունների ծրագրերի մշակումը։

Ի դեպ, վերոնշյալ 2017-21 թվականների ռազմավարությունը «Անչափահասների արդարադատության խորհրդի» համակարգված գործունեությանը նույնպես անդրադառնում է։ Բայց ստացվում է, որ պետական քաղաքականության համակարգումն ու կազմակերպումը տրված է մի կառույցի, որն անգամ իր գործունեության տարեկան ծրագիր կամ պլան չունի։

Նախարարությունն ու ՊՈԱԿ-ը մեզ գրավոր պատասխանեցին՝ կենտրոնը տարեկան գործունեության ծրագիր չունի, քանի որ գործում է նախարարի կողմից հաստատվող առանձին ծրագրերով։

Ի պատասխան հարցման.
«Կազմակերպությունն իրականացնում է «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթության» ծրագիրը, որի շահառու են հանդիսանում ինչպես անչափահաս, այնպես էլ չափահաս իրավախախտում կատարած անձինք:

2018 թ-ին վերոնշյալ միջոցառման գծով ծախսը կազմել է 36 մլն 927,4 հազ. դրամ՝ ներառյալ ԱԱՀ (ընդհանուր՝ չափահաս և անչափահաս դատապարտյալների համար): Նույնքան գումար ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 2019 թ-ին»։

Իսկ Մարդու իրավունքների պաշտպանն (ՄԻՊ) անցյալ տարվա ավարտին «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց եւ անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցում նշում է.
«ՔԿՀ-ի վարչակազմի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հիմնարկում իրականացվում են՝ «Առողջ ապրելակերպ», «Սոցիալական ուսուցում և կյանքի հմտություններ», «Դեկորատիվ կիրառական արվեստ»դասընթացները, անչափահաս դատապարտյալների հետ իրականացվում է նաև«Հիմնական գրագիտություն/ հայոց լեզու, գրականություն և մաթեմատիկա»դասընթացը:

Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք,սակայն, չեն նշել այդ դասընթացներին մասնակցելու մասին: Դատապարտյալներին անհանգստացնող հիմնական հարցերից է ազատության մեջ իրենց զբաղվածության՝ աշխատանքի, ինչպես նաև կայուն հեռանկարների հիմնախնդիրը։ Հիմնարկում գործում են կավագործության խմբակն ու գրական խմբակը՝ 51 դատապարտյալներից մեկի նախաձեռնությամբ, որոնք կարող են հանդես գալ որպես աշխատանքային թերապիայի միջոցներ»։
«Ինչպե՞ս է արձագանքում ՄԻՊ-ի վերոնշյալ զեկույցին, 2019-ի առաջին կիսամյակում ի վերջո քանի՞ անչափահաս է մասնակցել գեղագիտական դաստիարակության ծրագրին, ինչպիսի՞ ծրագիր է իրականացվել» այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանի հետ մեր հարցազրույցից մի հատված լսե՛ք՝ առանց մեկնաբանության։
Աշոտ Հայրապետյան
«Իրավական կրթության և վերականգնողական
ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Հանրակրթության կազմակերպման առնչությամբ պետք է նշել, որ ավելի քան երկու տարվա դադարից հետո գործը կարծես թե ի վերջո գլուխ է գալիս։ ՊՈԱԿ-ն արդեն իսկ ուսուցիչների մրցույթ է հայտարարել, եւ ինչպես Աշոտ Հայրապետյանն է վստահեցնում, սեպտեմբերից հանրակրթական ծրագիրը կմեկնարկի։ Հուսանք, կգործի տնօրենի նշած լավագույն տարբերակն ու դրանից հրաժարվողներ չեն լինի։

Այսպիսով, ՊՈԱԿ-ի տնօրենը համարում է, որ անչափահաս ազատազրկվածների վերասոցիալականացման ամենակարեւոր խնդիրը՝ հանրակրթությունը, լուծված կարելի է համար։

Մեկուսացումը մնում է որպես հիմնական քաղաքականություն,
ինչն անընդունելի է
Անուշ Դանոյան
«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի սոցիալական աշխատող
«Անչափահասների հիմնական կարիքը սոցիալ-հոգեբանական աշխատանքների հետ է կապված»,- ՊՈԱԿ-ի տնօրենից նկատելիորեն տարբերվող կարծիք է հայտնում օրենքի հետ առնչված դեռահասների հետ ավելի քան 4 տարվա աշխատանքի փորձ ունեցող Անուշ Դանոյանը։

Նա սոցիալական աշխատող է եւ ներկայացնում է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն։ Տարբեր ծրագրերում իր փորձից ելնելով՝ վստահաբար պնդում է՝ մեկուսացումը, հատկապես անչափահասների պարագայում, կարող է անդառնալի հետեւանքների եւ դժվարին խնդիրների հանգեցնել հենց վերասոցիալականացման առումով։ Իսկ այն, որ ՔԿՀ-ներում այժմ դատապարտյալներ չկան, դեռ չի նշանակում, որ պետական քաղաքականությունը փոխվել է։
«Ներկայիս քաղաքականության հիմքում լայն իմաստով կրկին մեկուսացումն է։ Խոսքը միայն ազատազրկման մասին չէ։

Իրավապահներն այժմ շատ ավելի քիչ անչափահասների նկատմամբ են գործեր հարուցում, նրանց դատապարտում, սակայն սա չի նշանակում, որ իրավախախտ երեխաների թիվը կրճատվել է։ Ո՛չ։ Գործ չհարուցելը, պատասխանատվության չենթարկելը պետք է զուգորդվեր նրանց աջակցության ծառայություններով, ինչը չի արվում։ Ոչինչ չի արվում՝ մինչ նրանք կդառնան չափահաս եւ կանեն այնպիսի արարք,
որ լիովին կմեկուսացվեն։ Համայնքային եւ պետական բոլոր այն կառուցները՝ ցերեկային կենտրոններ եւ այլն, որոնք կոչված են աջակցելու նման երեխաներին, եւս ջանում են մեկուսացնել համայնքից։ Համայնքը նրանց չառնչվի եւ չդժգոհի։ Ոստիկանները մի օր, երկու օր զրուցում են նրանց հետ, հետո տեղյակ են պահում խնամակալության հանձնաժողովին, վերջիններս էլ, չիմանալով ինչ անել, ի վերջո երեխային ուղղորդում են հատուկ կրթահամալիր։

Իսկ այստեղ երեխաները սովորաբար մնում են երկարաժամկետ, մինչեւ դպրոցն ավարտելը։ Սա հենց այդ վտանգավոր անտեսումն ու մեկուսացումն է, ինչն անընդունելի է»,- նշում է Դանոյանը։
«Այլ կերպ վերասոցիալականացումը կարելի է անհնար համարել։ Կավագործության կամ այլ ընդհանուր բնույթի խմբերում նրանց ներգրավելով՝ արդյունքի հասնել հնարավոր չէ։ Ընտանիքից, հասարակությունից մերժված անչափահասը նման դեպքերում մասնակցության որեւէ մոտիվացիա սովորաբար չի էլ ունենում։ Անհատական մոտեցմամբ, դինամիկ եւ համալիր գործողությունների կարիք կա, քանի որ նրանց խնդիրները խորքային են՝ կապված միջավայրի պայմանների հետ»,- ասում է Դանոյանը։
Ճաղերի հետեւում հայտնվածների վիճակն այս առումով էլ ավելի բարդ է։ Հիմնականում գործ ունենք դեռահասության՝ 14-18 տարիքային խմբի հետ եւ Դանոյանի խոսքով, հենց տարիքային առանձնահատկությունը հաշվի առնելով՝ նրանց հետ անհատական աշխատանք է պետք։

Ընդ որում, ըստ մասնագետի, առաջնային գործոնը սոցիալական ապահովությունը չէ։ Նախ ընտանիքի՝ ծնողի, ապա համայնքային վերահսկողությունից դուրս մնալն է խնդիրը։ Փորձը ցույց է տալիս, որ խնդիրները, որոնք երեխաներն ունեն, ոչ թե իրենցն են, այլ հիմնականում՝ ընտանիքինը։ Դրանք պրոյեկցվում են երեխայի վրա, հանգեցնում վարքի փոփոխության։ Մանկուց արմատավորված այդ խնդիրները որեւէ մասնագետ միայնակ չի կարող լուծել։
Դանոյանը ներկայացնում է «Անչափահաս, երիտասարդ իրավախախտների վերասոցիալականացում» ծրագիրը, իրենց աշխատանքի վերջին օրինակներից մեկն է։ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն այն իրականացրել է Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության հետ համատեղ։

Սկսել են անհատական դեպքերի վարումից. սոցիալական աշխատողներից եւ հոգեբաններից բաղկացած մասնագիտական սոցիալական թիմն իրականացրել է կարիքների անհատական գնահատում՝ ուսումնասիրելով դեռահասների հետ կատարվածն առանձին-առանձին։ Կազմվել է անհատական սխեման, ապա կազմակերպվել աշխատանքը՝ տնային այցեր, զրույցներ, դասընթացներ ագրեսիայի կառավարման, աշխատանք գտնելու հմտությունների զարգացում եւ այլնի մասին։ Կազմակերպվել են նաեւ մշակութային միջոցառումներ։ 50 շահառուից մի մասն է եղել անչափահաս։ Դանոյանը շեշտում է, այո՛, աշխատանքի ընթացքում դժվարություններ ունեցել են, կապն այս շահառուների հետ ոչ միշտ է կայուն եղել։ Եղել է, որ պրոբացիայի փուլում գտնվող շահառուն չի համագործակցել, դիմել է փախուստի։ Սակայն գործել են ոչ թե զգայական եւ կտրուկ, այլ մտածված եւ հաստատուն, որոշակի արժեքային համակարգի վրա հիմնված։ Ու այսպիսով հաջողել են։

«Անչափահասներին մեկուսացումից պետք է զերծ պահել, հնարավորինս ապահովել կապը ծնողների, հարազատների հետ։ Հատկանշական է, որ երբ երեխաների հետ զրուցում ենք իրենց կարիքների մասին, շատ հաճախ հատուկ դպրոցում գտնվողների հիմնական ուշադրությունը ծնողներն են՝ շաբաթվա վերջում կայցելե՞ն իրենց, տուն կտանե՞ն։ Հաճախ երեխաները նշում են նաեւ «սովորական դպրոցում» սովորելու ցանկության մասին»,- ասում է Դանոյանը։
Մասնագետի խոսքով, հանրակրթությունը եւս կարեւոր է, բայց սոցիալական կարգավիճակ ունեցող, այդ թվում՝ իրավախախտ երեխաների ներառականությունը բացակայում է։ Ունենք Թիվ 1 հատուկ կրթահամալիրը, որը, ճիշտ է, այժմ փակ հաստատություն այլեւս չի համարվում, բայց այնտեղ ուղղորդվում են միայն նման երեխաները։

Հատված «Երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրից».
«Անչափահասների ոլորտի ռազմավարական խնդիրներն են՝

- Անչափահասների կողմից կատարված իրավախախտումների պատճառների եւ պայմանների վերհանումը, վերականգնողական արդարադատության դրույթների կիրառման ոչ արդյունավետ կիրառումը…

- Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները գտնվում են տարբեր հաստատություններում եւ ունեն տարբեր խնդիրներ, բայց շատ հաճախ նրանց հետ աշխատող մասնագետները նկատում եւ կարեւորում են միայն իրենց ոլորտին առնչվող խնդիրները։ Արդյունքում խնդիրները չեն կարգավորվում»։
Ի դեպ, հենց ՊՈԱԿ-ը` իր գործառույթների շրջանակում, նաեւ՝ «Անչափահասների արդարադատության խորհուրդը»՝ իր քարտուղարությամբ, պետք է իրականացնեն ոլորտային հետազոտությունը, վեր հանեն եւ ներկայացնեն հիմնախնդիրները։

Արձանագրենք, որ նման հետազոտություն եւս արված չէ: Համենայնդեպս, այս երկու կառույցների առցանց աղբյուրներում նման փաստաթղթեր եւս չգտանք։
Ի պետասխան մեր հարցումների՝ նույնպես որեւէ բան չներկայացվեց։

Աշոտ Հայրապետյան
«Իրավական կրթության և վերականգնողական
ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Լսե՛նք այս մասին Աշոտ Հայրապետյանի հետ մեր հարցազրույցից եւս մեկ հատված։

Կոնսերվատիվ օղակներում բարեփոխումները շատ են դանդաղում
Արդարադատության համակարգում այժմ բարեփոխումներ են ընթանում, մշակվում է «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը», գործողությունների ծրագիրը, համակարգող նոր խորհուրդ է ձեւավորվելու։
«Որոշ քայլեր արվում են, Պրոբացիայի ծառայության ստեղծումը լավագույն օրինակ է, բայց քրեական արդարադատության կոնսերվատիվ այնպիսի օղակներում, ինչպիսին են Ոստիկանությունը, Դատախազությունը, դատարանները եւ ՔԿՀ-ները, դրանք շատ են դանդաղում»,- ասում է Անուշ Դանոյանը։
Իրենց կազմակերպությունը՝ «Սոցիալական արդարությունը» եւս նախարարության «Անչափահասների արդարադատության խորհրդի» անդամ է, ու հաջողված շատ աշխատանքների օրինակներ այստեղ ներկայացնելու բազմաթիվ առիթներ ունեցել են։ Դրական արձագանք է եղել, բայց այդ ամենը կազմակերպելու, գործնականում ներդնելու քայլեր դեռ չեն արվում։
«Ռեսուրսների հարց ունենք։ Նաեւ հնուց եկող կարծրատիպերը փոխելու խնդիրն է։ Շատ բարդ է, մանավանդ, երբ պետական հաստատություններում ծառայությունները կազմակերպողները, անվտանգությունն ապահովողները եւ սոցիալհոգեբանական բաժինների աշխատողները հակադիր կարծիքներ ունեն։ Հատկապես ՔԿՀ-ներում բարդ է փոխել աշխատանքի, մարդու նկատմամբ մոտեցումը»,- ասում է Դանոյանը։

Այսպիսով, արձանագրենք, պետական քաղաքականության ներկա փուլի արդյունավետության եւ համակարգված գործողությունների մասին խոսել չենք կարող. չկան անգամ գործողությունների ծրագրեր կամ իրավիճակի վերլուծություններ։ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող անչափահաս կալանավորների հետ, որոնցից մեկը, ի դեպ, այնտեղ է արդեն ավելի քան 3,5 տարի, նպատակային աշխատանք չի կատարվում։ Հանրակրթության իրավունքից էլ վերջին տարիներին զրկված են եղել։

ՊՈԱԿ-ը տարեկան ավելի քան 36 մլն դրամ է ծախսում գեղագիտական դաստիարակության ծրագրի համար, բայց չկա անչափահասներին համար որեւէ հստակ ծրագիր, չկա ծրագրի արդյունավետության գնահատման որեւէ մեխանիզմ։

«Երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրի» «առաջընթացի միջանկյալ գնահատման տարվա» առաջին 6 ամիսներն անցել են, չկա նաեւ դրա գնահատումը։ Ե՞րբ կլինի, նույնպես անպատասխան հարց է։

Սակայն ռազմավարական ծրագրում սոցիալական ոլորտի առնչությամբ մի մոտեցում է ամրագրված եւ այն, ամփոփելով այս ամենը, կարելի է ասել, որ պետք է կիրառել նաեւ արդարադատության ոլորտում։ Խոսքը ՊՈԱԿ-ներին վերապահված գործառույթների առնվազն մի մասը ՀԿ-ներին պատվիրակելն է, որոնք, ստացվում է՝ ավելի արդունավետ են աշխատում։ Այս մասին կառավարությունն առիթներ ունեցել է բարձրաձայնելու, մնում է գործել։
Նախագծի հեղինակ-լրագրող՝ Լիլիթ Գալստյան
Օպերատոր, մոնտաժող՝ Մարիաննա Գեւորգյան

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Լ. Գալստյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Հանրային լրագրության ակումբի և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի տեսակետները:
© 2019
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website